Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը

Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը
25.02.2014 | 12:41

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև: Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014 թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, և տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը հետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից հետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը հետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորդ տեղեկանքներում ներկայացված տեղեկությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են 3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խոր սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը հետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին կարագ ու կաթնամթերք են մատակարարում հետևյալ ընկերությունները` «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1 լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են` «Անանո» ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս են եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել, ջեմի պիտանիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խոր սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա՛ Աստված, սխալվեմ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ